«Գրավոր խոսքի և ընթերցանության խանգարումները հանրակրթական դպրոցում, դրանց նեյրոհոգեբանական մեխանիզմները ու լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները դրանք հաղթահարելիս»

 

Մայիսի 6-ին ժամը 13.30-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գրավոր խոսքի և ընթերցանության խանգարումները հանրակրթական դպրոցում, դրանց նեյրոհոգեբանական մեխանիզմները ու լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները դրանք հաղթահարելիս» խորագրով հանդիպում քննարկումը, որին մասնակցում եին լոգոպեդներ, հոգեբաններ հոգեֆիզիոլոգ, դասվարներ գրի ու ընթերցանության խանգարում ունեցող երեխաների ծնողներ  Կից ներկայացնում եմ պրեզենտատիվ նյութերը  և ֆոտոներ : Ներկա էին նաև ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի  Լոգոպեդիայի ամբիոնի աշխատակիցներ ՝  ի դեմս  ամբիոնի վարիչ Ժ, Պայլոզյանի:


Գիրը և ընթերցանությունը


Գիրն ու ընթերցանությունը խոսքային գործունեության  ձևավորման բարդ ու բազմամակարդակ պրոցեսներ են, որի իրականացմանը մասնակցում են   մի շարք վերլուծիչներ՝ խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, տեսողատարածական, ընդհանուր շարժողական: Նրանց միջև գրի ու ընթերցանության պրոցեսում ձևավորվում է սերտ կապ ու փոխկապակցվածություն: 


Գիրն ու ընթերցանությունը համակարգային ֆունկցիաներ են, ուստի այդ համակարգի որևէ օղակի կամ օղակների ոչ լիարժեք աշխատանքը բերում է ամբողջ համակարգի ոչ լիարժեք աշխատանքին


Գլխուղեղի ֆունկցիոնալ բլոկերը ըստ Ա. Ռ. Լուրիայի

 

  • 3-րդ բլոկ  Ծրագրավորման, կարգավորման ու վերահսկման բլոկ (Ակտիվ  գիտակցական հոգեկան գործունեության կազմակերպում).

  • 2-րդ բլոկ. Զգայական ինֆորմացիայի ընդունման մշակման ու պահպանման բլոկ

  • 1-ին բլոկ   կեղևի ու ենթակեղևային կառույցների ակտիվացման համար պատասխանատու բլոկ

 

 

 

 

 

 

 

 

 


Գրի ու ընթերցանության գործընթացներին գործնականում մասնակցում է ամբողջ գլխուղեղը
 


Դիսգրաֆիան գրի գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն կրկնվող սխալներով և պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:


Դիսլեքսիան ընթերցանության գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է  կայուն և կրկնվող սխալներով և պայմանավորված է ընթերցանության համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:


Վիճակագրությունը


Գրի ու ընթերցանության  խանգարումներով մարդկանց թիվն  ամբողջ աշխարհում կազմում է ողջ բնակչության  10-15%-ը: Նյարդահոգեբանական տեսանկյունից գրի ու ընթերցանության խանգարումներով երեխաները կազմում  են ուսումնական պրոցեսում դժվարություններ ունեցող երեխաների մի զգալի մասը:


Գրի ու ընթերցանության  խանգարումների առաջացման պատճառները

 

  • Գրի ու ընթերցանության պրոցեսների համար պատասխանատու ֆունկցիոնալ համակարգերի ձևավորման հապաղման հետևանքով (տեսողական, լսողական, շարժողական, տեսողատարածական ), որն էլ իր հերթին պայմանավորված է  մինչծննդյան հետծննդյան և ծննդաբերության ժամանակ  ազդող բացասական գործոններով, այն է՝ նախածննդյան շրջանում մոր տարած թունավոր հղիությունը, մոր և երեխայի արյան անհամատեղելիությունը, թունավոր նյութերի ազդեցությունը՝ ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկ, քիմիական նյութեր, ստրեսները, ինֆեկցիոն հիվանդությունները, մոր հոգեկան վիճակը, ծննդաբերական պրոցեսում՝ վաղաժամ ծննդաբերություն, ծննդաբերական միջամտություններ, հետծննդյան շրջանում՝  երեխայի փսիխոսոմատիկ վիճակը, տարած ինֆեկցիոն հիվանդությունները:

  • Օրգանական ծագում ունեցող  բանավոր խոսքի խանգարումները՝ ալալիա, աֆազիա, դիզարտրիա,  ԽԸԹ  և այլն

  • Ներկիսագնդային ու միջկիսագնդային փոխներգործության խաթարումը

  • Տարածա-ժամանակային պատկերացումների ձևավորման դժվարությունները


Ռիսկի խումբը


Ովքեր կարող են ունենալ գրի ու ընթերցանության խանգարումներ

 

  • Ձախլիկները,որոնց սովորեցնում են կիրառել ձախի փոխարեն աջ ձեռքը

  • ԽԸԹ-ով երեխաները

  • Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվող ընտանիքների երեխաները

  • Հնչունա-հնչույթային թերզարգացում ունեցող երեխաները

  • Երեխաները, ում ծնողները ձգտում են երեխաներին վաղ սովորեցնել կարդալ

  • Երեխաները, ում նյարդաբանները ախտորոշել են մինիմալ ուղեղային դիսֆունկիցիա, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության սինդրոմ, հոգեկան զարգացման հապաղում


Խոսքային ախտանիշները

 

  • Տառերի գրության աղավաղում

  • Գրաֆիկորեն մոտ տառերի փոխարինումը միմյանցով

  • Հնչարտաբերությամբ մոտ հնչյունների փոխարինումը միմյանցով

  • Բառի հնչունա-տառային կառույցի աղավաղում( տառերի բացթողումներ, ավելացումներ, վանկերի ավելացումներ ու բացթողումներ)

  • Նախադասության կառույցի աղավաղում( բառերի մասերի առանձին գրում, բառերի միացում իրար)

  • Ագրամատիզմ

  • Հայելային գիր ու ընթերցանություն

  • Ընթերցում են շատ դանդաղ

  • Չեն հասկանում ընթերցածի իմաստը

  • Թռիչք են կատարում տողից տող

  • Խառնում են հոլովական վերջավորությունները

  • Փորձում են առաջին ընթերցած տառերից գուշակել բառը

  • Վանկերն առաջ ու հետ են կարդում, ավելացնում կամ բաց են թողնում

  • Բառը փոխարինում են այլ բառով

  • Մշտապես փոխարինում են հնչողությամբ մոտ տառերը


Ոչ խոսքային ախտանիշներ

 

  • Ոչ լիաժեք են պատկերացնում ձևերի ու մեծությունները

  • Դժվարանում են  մարմնի աջ ու ձախ մասերը տարբերակել

  • Դժվարանում են հավասարակշռված (կոորդինացիոն) շարժումներ կատարելիս

  • Բնորոշ է ուշադրության դեֆիցիտը, որը երբեմն ուղեկցվում է հիպերակտիվությամբ

  • Ձեռքի բարձր կամ ցածր տոնուսը, որն ուղեկցվում է արագ հոգնածությամբ


Հոգեբանական կողմը


Երեխան, ով ունի գրի, ընթերցանության խանգարում, սովորելով  մյուս երեխաների հետ, հասկանալով, որ դժվարանում է ուսումնական պրոցեսում, գիտակցում է, որ հետ է մնում իր հասակակիցներից, ինչը կարող է տրավմա լինել նրանց հոգկանի համար: Հատկապես, երբ ուսուցչի, ծնողի կողմից մատնացույց է արվում, որ նա թույլ է, չի կարողանում հասնել հասակակիցներին:


Ամեն անհաջողություն ուսումնական պրոցեսում բերում է նրան, որ երեխան կարող է դառնալ լռակյաց, ամաչել, չունենալ ցանկություն մասնակցել դասապրոցեսին,  կորցնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ կամ ընդհակառակը, դառնալ ագրեսիվ, անկառավարելի ՝ կարծես թե «պաշտպանելու համար ինքն իրեն»:


Ռուս նեյրոհոգեբան Ախուտինա Տ. Վ. նշում է, որ  բարձրագույն նյարդային ֆունկցիայի այս կամ այն  խանգարումը կամ թերզարգացումը  համակարգային է և որևէ  մի օղակում առաջացած խնդիրը բերում է այս կամ այն  առաջնային խանգարման ,որի հետևանքով ձևավորվում է 2-րդ ային խանգարում:


Որպես օրինակ ներկայացնելով հետևյալը  պատկերացրեք երեխաները խորհանարդիկներից կառուցել են  ամրոց, հանկարծ ինչ-որ մեկը գնդակը գլորում է և ամրոցի մի մասը քանդվում է,  արդյունքում տուժում է կառույցի ամբողջականությունը, պատկերացնենք այսպես  այն հատվածում , որտեղ հայտնվում է գնդակը, այդ հատված է տուժում է առաջնային կերպով, իսկ դրա շրջակայքի խախտված մասերը տուժում են երկրորդային:


Սակայն հեղինակը նշում է նաև որ քանի որ  մարդը  կենդանի օրգանիզմ է և ուղեղը կենդանի համակարգ կա նաև   3-րդային  երևույթ, ինչը նա համարում է օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմ, որը կարող է լինել դրական և բացասական,վերը նշված օրինակներում երկու դեպքերում էլ կոմպենսատոր մեխանիզմը աշխատում է ի վնաս երեխայի, կարող է լինել նաև այսպես, երեխային տրվում է հանձնարարություն՝ կատարել թվաբանական հաշվարկ, երեխան դժվարանում է և փորձում է այն անել՝ հաշվելով մատիկներով, այդ դեպքում դրական կոմպենսատոր մեխանիզմ է աշխատում:


Դասակարգում


Դիսլեքսիա


Ֆոնեմատիկական (հնչույթային) Սա կրտսեր դպրոցական տարիքում առավել հաճախ հանդիպող ձևն է դիսլեքսիայի: Դիսլեքսիայի այս ձևը պայմանավորված է ֆոնեմատիկական համակարգի ֆունկցիայի թերզարգացմամբ:


Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ կարող է դիտվել տառացի ընթերցումը, բառի հնչունա-վանկային կառույցի աղավաղումը  ( տառերի բացթողում, ավելացում, վանկերի ավելացում ու բացթողում, տեղափոխում)


Սեմանտիկական դիսլեքսիա կամ այսպես կոչված մեխանիկական ընթերցում
Դրսևորվում է ընթերցած բառի, նախադասության, տեքստի հասկացման խանգարումներով տեխնիկապես ճիշտ ընթերցանության պայմաններում: Ընթերցածի հասկացման խանգարումները պայմանավորված են երկու դրսևորումներով՝ հնչունավանկային համադրության դժվարություններով, նախադասության ներսում շարահյուսական կապերի մասին ոչ լիարժեք պատերացումներով:


Ագրամատիկ դիսլեքսիա  Ավելի հաճախ նկատվում է  խոսքի համակարգային խանգարումով երեխաների մոտ: Դիսլեքսիայի այս ձևի ժամանակ նկատվում է հոլովական վերջավորությունների ու գոյականի թվի փոփոխումներ, բայի  ժամանակաձևերի, դեմքերի  փոփոխումներ


Օպտիկական դիսլեքսիա Այս ձևի ժամանակ  նկատվում են տառի գրաֆիկական նման պատկերների ընթերցման դժվարություններ: Շփոթում են  մի մասնիկով միմյանցից տարբերվող տառերը, տառերը, որոնք ունեն նույն մասնիկները սակայն տարածության մեջ այլ տեղակայում ունեն (օրինակ՝ ո-ս, տ-փ, ի-ր և այլն)


Մնեստիկական դիսլեքսիա  Դիսլեքսիայի աս ձևի ժամանակ նկատվում է տառերը յուրացնելու դժվարություններ: Երեխան չի կարողանում տարբերակել, թե որ տառին որ հնչյունն է համապատասխանում:


Տակտիլ դիսլեքսիա  Նկատվում է կույրերի մոտ : Այս դեպքում  Բրալյան տառերի  շոշափողական տարբերակումը դժվար են իրականացնւմ


Դիսգրաֆիա


Արտաբերական-ակուստիկական Ունենալով հնչարտաբերական խանգարում՝ երեխան գրելիս հիմնվում է իր սխալ արտասանության վրա, այլ խոսքով ասած՝ գրում է այնպես, ինչպես լսում է:


Ակուստիկական դիսգրաֆիա  Այս դեպքում  նկատվում է հնչողությամբ մոտ հնչյուններն համապատասխանող տառերի փոխարինում


Լեզվական վերլուծությամբ ու համադրությամբ պայմանավորված դիսգրաֆիա 


Այս դեպքում բնորոշ են հետևյալ սխալները

 

  • Տառերի ու վանկերի բացթողումներ

  • Տառերի ու վանկերի ավելացում

  • Բառի ոչ ամբողջական գրում

  • Տառերի ու վանկերի ավելորդ անգամ գրում

  • Տարբեր բառերի վանկերի միագում մեկ բառում

  • Այս ձևը դիսգրաֆիայի ավելի հաճախ հանդիպող ձևերից է


Ագրամատիկական դիսգրաֆիա  Այս ձևը կապված է խոսքի քերականական կողմի թերզարգացման հետ, երեխան գրում է ագրամատիկ:
 
Օպտիկական դիսգրաֆիա Այս ձևի հիմքում ընկած է տեսողա-տարածական պատկերացումների, տեսողական վերլուծության ու համադրության  անբավարար ձևավորված լինելը նույն մասնիկը տարբեր կերպ է կոմբինացվում տարածության մեջ ու արդյունքում  կարող է  ս-ո, խ-ի  և նմանատիպ փոխարինումներ լինեն:


Գրի և ընթերցանության խանգարումների հաղթահարում


Շտկողական աշխատանքի ուղղվածությունը 


1.    Տարածական պատկերացումների զարգացում

 

  • Մարմնի մասերի ճանաչում

  • Տարածության մեջ ուղղությունների որոշում

  • Տարածական փոխհարաբերությունների ընկալում

  • Առարկայական և թվական հաջորդականությունների շարքի

  • զարգացում ( սկիզբ, վերջ, առաջ, հետո, վրա, տակ)

  • Ժամանակային պատկերացումների զարգացում


2.  Առարկայի տեսողական ճանաչման ու ընկալման զարգացում

 

Առարկայի գույնի, ձևի, չափի,  մեծության ընկալման զարգացում (տեսողական գնոզիս)

 

3.  Տառերի ճանաչման զարգացում

 

  • Տառերի  մասնիկների գույնի, ձևի, մեծության ու տեղակայման  ընկալման զարգացում


Գրի և ընթերցանության խանգարումների հաղթահարման հիմնական միջոցներն ու մեթոդները

 

  • Մկանների զարգացմանն ուղղված վարժություններ

  • Ռիթմիկ-խոսքային վարժություններ

  • Ձեռքերի համաչափ հայելային պատկերում

  • Տեսողական թելադրություն (օրինակը տեսնել N 31   սլայդում)

  • Հնչույթային ընկալմանը, վերլուծությանն ու համադրությանն ուղղված խաղեր ու վարժություններ

  • Բարբառային խոսքի, շուտասելուկների,  առակների, առածների կիրառում՝ արտասանական ապպարատի աշխատանքի լավացման նպատակով

  • «Շարքային  թելադրություն»

  • Մտավոր-զարգացնող բառախաղեր՝ անագրամմաներ(մի բառի

  • տառերն օգտագործելով կազմել այլ բառեր), ռեբուսներ,

  • կախարդական շղթա (գտնել բառի ասոցիատիվ զույգը , օրինակ՝ հիվանդություն՝ կարմիր խաչ, կով՝ կաթ, դրոշ՝ երկիր), բառային լաբիրինթ( խառը դասավորության տառերից կազմել բառեր), բառային մատրյոշկաներ( երկար բառից կազմել կարճ բառեր և դասավորել հերթականությամբ՝ ըստ տառերի քանակի) և այլն

  • Խաղ  «Որոնողական  բառային աղյուսակներ» ( որոշակի ժամանակ է տրվում բառային  խաղացողին աղյուսակը նայելու՝ «լուսանկարելու»  համար, հետո խաղավարը խաղացողից վերձնում է աղյուսակը ու  ասում է բառեր,  խաղացողը պետք է ասի այդ բառերը կան աղյուսակում, թե ոչ)

  • Բարձրաձայն ընթերցանություն

  • Աշխատանք հատուկ վանկային աղյուսակներով (Շուլտեի աղյուսակը տեսնել N 33 սլայդում)

  • Բառային աշխատանք ՝բոլոր անծանոթ բառերի բացատրությամբ

  • Էլմիրա Թադևոսյանի մշակած խաղերը


Հայտնի դիսգրաֆիկներ ու դիսլեքսիկներ


Ջորջ Բուշ կրտսեր, Բիլ Գեյթս, Հանս Քրիստյան Անդերսեն, Վոլտ Դիստնեյ, Ալբերտ Էյնշտեյն, Մերլին Մոնրո, Պյոտր  1-ին, Ջոն Ռոքֆելլեր, Վլադիմիր Մայակովսկի, Թոմ Քրուզ

 

 

 

 

 

 

Զեկույց «Աուտիզմ» թեմայուվ

 

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը «Աուտիզմ» թեմայով, որին հրավիրված էին մանկավարժներ, բուժաշխատողներ, հոգեբաններ:

 

Հակիրճ ներկայացնում ենք զեկույցը: 

 

Աուտիզմը համարվում է մեր դարի կարևորագույն խնդիրներից մեկը: Այն, լինելով ըստ էության ամբողջությամբ չբացահայտված երևույթ, գտնվում է տարբեր ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում, որոնց թվում են բժիշկները, հոգեբանները, նյարդահոգեբանները, լոգոպեդները, մանկավարժները և այլոք, որոնց նպատակն է բացահայտել աուտիզմ երևույթը և օգնել աուտիկ մարդկանց ադապտացվել հասարակությանը: 

 

Զեկույցում ներկայացված են.

 

  • Ինչ է աուտիզմը: 

  • Աուտիզմի պատմություն

  • Վիճակագրություն

  • Առաջացման հնարավոր պատճառներ

  • Հիմնական բնութագրական հատկությունները

  • Դասակարգում

  • Աուտիզմի հայտնաբերումը

  • Հասարակության իրազեկումը ու իրազեկվածությունը

  • Աուտիզմը և ինտելեկտը

  • Հայտնի աուտիկները 

  • Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում

  • Տարբերակում այլ խանգարումներից՝ սենսոր ալալիա:

 

1. Ինչ է աուտիզմը: 

 

Աուտիզմը զարգացման խանգարում է, որը դրսևորվում է հաղորդակցման սոցիալիզացիայի, վարքագծի հարմարողականության ու խոսքի խանգարումներով: 

 

2. Աուտիզմի պատմությունից

 

Աուտիզմը համարվում է XX դարի երևույթ, սակայն դեռևս XVIII դարում բժշկական գրականության մեջ նկարագրվվել են մարդիկ, ովքեր ունեցել են աուտիզմի բնորոշումներ: Օրինակ՝ նրանք չէին խոսում, խուսափում էին շփումից, ունեին աննախադեպ հիշողություն:

 

Այն որոշ գիտնականներ համարել են մուտիզմ, որն առաջացել է մտավոր ֆունկցիայի խանգարման հետևանքով: Աուտիզմը մինչև վերջին 20-ամյակն անհասկանալի է եղել ԱՊՀ երկրների մասնագետների մեծամասնության շրջանում, աուտիկներին համարել են մտավոր հետամնացներ, հոգեկան հիվանդներ և այլն, ինչի արդյունքում աուտիկները հայտնվել են իրենց համար կործանարար ազդեցություն ունեցող հաստատություններում: 

 

Այն համարվել է շիզոֆրենիայի տարատեսակ. այդպես է բնութագրել շվեյցարացի հոգեբույժ Բլեյլերը: Աուտիզմը որպես համախտանիշ առաջին անգամ նկարագրել է ամերիկացի հոգեբույժ Լեո Կանները 1943թ.

 

Կանները ներկայացրել է աուտիզմի ժամանակ հետևյալ ախտանշանները.

 

  • մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելու անընդունակություն,

  • խոսքի զարգացման հապաղում,

  • ոչ հաղորդակցական (ոչ կոմունիկատիվ) խոսք,

  • էխոլալիայի արտահայտում (բառերի ու խոսքի կրկնում),

  • կրկնվող ստերիոտիպ խաղեր,

  • ձգտում միապաղաղության,

  • հիանալի մեխանիկական հիշողություն,

  • ախտանիշների դրսևորում կյանքի առաջին 30 ամիսներից:

 

Անկախ Կաններից 1944 թ. ավստրիացի հոգեբույժ Հանս Ասպերգերը նույնպես նկարագրում է այս խնդիրը՝ որպես առանձին համախտանիշ

 

 

 

3. Վիճակագրություն

 

Աուտիզմ երևույթն է՛լ ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները: Այսօր աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, աուտիկ երեխաների քանակը տարեցտարի ավելանում է: Ամբողջ աշխարհում վերջին տասնամյակում աուտիզմով երեխաների թիվն ավելացել է 10-15 անգամ: Հնարավոր է դա կապված է աուտիզմի մասին մասնագետների գրագիտության բարձրացման հետ՝ նաև մեր հանրապետությունում: Ըստ վիճակագրության աուտիզմը տղաների մոտ հանդիպում է 4-5 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ:

 

4. Առաջացման պատճառներ

 

Ինչի հետևանքով է առաջանում աուտիզմը, մինչև այժմ բացահայտված չէ, տարբեր գիտնականներ տարբեր կարծիքներ են արտահայտում, ոմանք գտնում են, որ դա էկոլոգիայի հետ է կապված, մյուսներն այն կապում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, իսկ գիտնականների մի մասն էլ այն կապում է FOXP2 CNTNAP2 գեների հետ, որոնք պայմանավորում են լեզվական հմտությունների ձևավորումը, որ իբրև դրանց մուտացիայի արդյունքում առաջանում է խոսքի բացակայություն (հապաղում) ու հաղորդակցման հմտությունների անկում: Խոսվում է նաև աուտիզմի ժառանգական նախատրամադրվածության մասին: 

 

5. Հիմնական բնութագրական հատկությունները.

 

  • խոսքի օրինաչափությունները խանգարված են,

  • լեզվի օրինաչափությունները խանգարված են,

  • խանգարված է ոչ խոսքային շփումը,

  • հիպո-ամիմիկ, ոչինչ չասող դեմք՝ հայացքն ուղղված անորոշություն,

  • ժեստերի բացկայություն կամ քիչ կիրառում,

  • խոսքի արտահայտչականության խանգարում,

  • միապաղաղ կրկնվող վարքագիծ,

  • կրկնվող շարժումներ,

  • ֆիքսացիա այս կամ այն երևույթի վրա,

  • չի արձագանքում ձայներին,

  • վախ չունի:

 

6. Դասակարգում. 

 

  • մանկական աուտիզմ,

  • ատիպիկ համախտանիշ,

  • Ասպերգերի համախտանիշ,

  • Ռետտի համախտանիշ,

  • մանկական հասակի դեզինտեգրատիվ այլ խանգարումներ:

 

7. Աուտիզմի հայտնաբերումը

 

Ինչպես հայտնաբերել աուտիզմը: Աուտիզմն ընդունված է համարել զարգացման բարդ խանգարում, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 տարիների ընթացքում: Այն կարող է դրսևորվել կյանքի առաջին ամիսներից, երբ երեխան խուսափում է մեծահասակի հետ շփումից, չի հպվում մայրիկին, չի ձգում ձեռքերը, չի ձգվում դեպի մայրիկը, չի նայում աչքերին, փախցնում է հայացքը, չի ժպտում մայրիկին, նա կարող է նույնիսկ ձայներին չարձագանքել: Աուտիզմը հատկապես կարող է հայտնաբերվել խաղահրապարակում՝ աննկատ երեխայի վարքին  հետևելու և այլ երեխաների հետ համեմատելու պայմաններում: Մանկական հասակի դեզինտեգրատիվ խանգարումը կարող ե դրսևորվել ավելի ուշ տարիքում, ինչի հետևանքով երեխան կորցնում է վարքային, հաղորդակցման, խոսքային հմտությունները:

 

8. Հասարակության իրազեկումն ու իրազեկվածությունը

 

Այսօր հասարակությունն ավելի իրազեկված է աուտիզմ երևույթի վերաբերյալ, ինչն արդյունք է հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման, սակայն, այնուամենայնիվ շատ կարևոր է երևույթի մասին իրազեկում իրականացնել մանկավարժական առաջին օղակի համար հատկապես, քանի որ դասվարներն ու դաստիարակները միանշանակ պետք է ճանաչեն աուտիկ երեխային և գիտակ մոտեցում ցուցաբերեն նրանց: 

 

9. Աուտիզմը և ինտելեկտը

 

Կան տարակարծություններ աուտիկների մտավոր կարողությունների վերաբերյալ, որոշ գիտնականներ գտնում են, որ աուտիզմի դեպքում մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացություն ունեցողները, սակայն գիտնականների մի ստվար մասի կարծիքով աուտիկների մեծամասնությունը տիրապետում է փայլուն հիշողության, և նրանց ճիշտ ու գրագետ ադապտացիայի դեպքում նրանք հնարավոր է ո՛չ միայն չզիջեն իրենց գիտելիքներով զարգացման խանգարում չունեցողներին, այլև նրանց մտավոր զարգացման մակարդակը կարող է լինել ավելին, սակայն, և՛ զարգացման խանգարում ունեցողների, և՛ չունեցողների մոտ կարող է հանդիպել մտավոր կարողությունների ցածր մակարդակ:

 

10. Հայտնի աուտիկները 

 

Հայտնի աուտիկների շարքին կարելի է դասել հետևյալ անունները՝ Մոցարտ, Ագաթա Քրիստի, Դարվին, Էյնշտեյն, Նյուտոն, ֆիզիկոս Փոլ Դիրաք և այլոք: 

 

11. Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում

 

Աուտիկ երեխաների ինտեգրումը հանրակրթական հաստատություններ հնարավոր է, եթե ի սկզբանե նրանց հետ տարվի ճիշտ ու գրագետ աշխատանք և նրանք ադապտացվեն հասարակությանը, ինչևէ, դա պետք է իրականացվի միայն համապատասխան մասնագիտական համալրում ունեցող հաստատություններում, որտեղ կլինեն հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, և նրանց հետ աշխատող մանկավարժական կազմը նույնպես պետք է լինի գրագետ պատրաստված:

 

12. Տարբերակում այլ խանգարումներից 

 

Աուտիզմն ունի հստակ ախտանիշերի շարք, սակայն շատ հաճախ այն շփոթում են այլ խնդիրների հետ, օրինակ, ծանր սենսորային ալալիայի դեպքում հնարավոր է երեխան չարձագանքի իրեն դիմելուն, մեկուսանա, ցուցաբերի կրկնվող վարքագիծ ու շարժումներ, որը շատ նման է աուտիզմի ախտանշաններինի, սակայն դա աուտիզմ չէ, այլ գլխուղեղի օրգանական ախտահարումով պայմանավորված խոսքային խանգարում է, որի դեպքում տուժում է գլխուղեղի խոսքի զգայական կողմը ապահովող խոսքային կենտրոնը, ինչի հետևանքով երեխան չի ընկալում խոսքը և չի արձագանքում, բնականաբար, տուժում է նաև հաղորդակցումը, իսկ որպես ոչ խոսքային ախտանիշներ այս դեպքում կարող են դիտվել և՛ կրկնվող վարքագիծը, և՛ շարժումները, ուստի նման դեպքերում հարկավոր է կատարել խորը, մանրակրկիտ հետազոտություն, ինչի արդյունքում պատկերն ավելի պարզ և հասկանալի կլինի:

 

Հասցե   

ՀՀ Երևան

Դեղատան 17

57dproc@rambler.ru
հեռ. 010 52 78 26

2017թ.

ՀՊՄՀ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

  • Иконка facebook черного цвета
  • Круглая иконка Twitter
  • Черная иконка youtube
ՀՊՄՀ N57 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now