Փետրվարի 23-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասվարական թևի մեթոդմիավորման հերթական նիստը:
ՙԲարի գալուստ քննադատական մտածողության աշխարհ՚
Այս խորագրով են անցկացվում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում մարտի 16-ից 20-ը կազմակերպված վերապատրաստումները: Վերապատրաստումներին մասնակցում են հիմնական դպրոցի բոլոր ուսուցիչները և դպրոցում իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնող բանասիրական և սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները: Վերապատրաստումների հիմնական նպատակը սովորողակենտրոն ուսուցման մեթոդների կիրառման անհրաժեշտության ընկալումն է:
Սեմինարները հետաքրքրական են նրանով, որ մի սեղանի շուրջ աշխատում են և՛ հիմնական դպրոցի ուսուցիչները, և՛ համալսարանի դասախոսները, և՛ ապագա ուսուցիչները (պրակտիկանտները):
Տեսական դասընթացն արժեզրկվում է, եթե գործնականում չի կիրառվում: Այդ իսկ պատճառով այս դասընթացն առաջարկում է դասավանդման փոխգործուն և ներգրավող մեթոդներ, որոնց շնորհիվ առաջանում է հետաքրքրություն ուսման նկատմամբ:
Դասընթացի մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանթանալու ուսուցիչ-աշակերտ համագործակցության առանձնահատկություններին և գործնականում կիրառել ու քննարկել ժամանակակից դասի մոդելներ:
Սեմինարավարները՝ սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը և Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Լուսինե Ալեքսանյանը, պարապմունքների հաջորդականությունը կառուցեցին այն սկզբունքով, որ մասնակիցները մեթոդներով աշխատելու փորձառություն ձեռք բերեն նախ՝ որպես աշակերտներ, ապա սեփական փորձի միջոցով մտովի կշռադատեն և վերլուծեն նոր սովորածը: